ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/11/2017
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / (Կազմավորման պատմությունը) ՀՌՉԱԿԱԳԻՐ ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,

արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը,

արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,

հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի եւ խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,

հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության եւ օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին եւ հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական¬իրավական կարգավիճակի հարցը,

նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից եւ հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,

ձգտելով հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա,

ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության եւ կառավարման միութենական կառույցների ճակատագրի անորոշությունը,

հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ՀԱԿԻՐՃ` ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգտվում է այն լիազորություններից, որոնք հանրապետություններին տրամադրվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ եւ իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու իր պետական¬իրավական կարգավիճակը` երկրի եւ հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների եւ բանակցությունների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` մինչեւ ԼՂՀ Սահմանադրության եւ օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը, ինչպես նաեւ ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին եւ Հանրապետության առանձնահատկություններին:

ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի
մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների`
բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջան

2 սեպտեմբերի, 1991թ.

ք.Ստեփանակերտ

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2017 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign