ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 23/10/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / (Կազմավորման պատմությունը) ՀՌՉԱԿԱԳԻՐ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

ՀՌՉԱԿԱԳԻՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա, որ արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքներում`

-գիտակցելով պատմական հայրենիքի ճակատագրի հանդեպ տածվող պատասխանատվությունը,
-հավատարմություն հայտնելով այն սկզբունքներին, որ բովանդակում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն հայտարարելու մասին Հռչակագիրը,
-ձգտելով կարգավորել հայ և ադրբեջանական ժողովրդների հարաբերությունները,
-կամենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը պաշտպանել դրսի հարձակումներից և ֆիզիկական ոչնչացումից,
-զարգացնելով Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների անկախ, ժողովրդական ինքնակառավարման փորձը,
-արտահայտելով բոլոր պետությունների և պետությունների ընկերակցությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն,
-հետևելով մարդու իրավունքների Համաընդհանուր հռչակագրի, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի անվտանգության ու համագործակցության համաեվրոպական խորհրդակցության անդամ երկրների Վիենաի հանդիպմանը կնքած եզրափակիչ փաստաթղթերի և միջազգային իրավունքի համաընդհանուր ճանաչման արժանացած մյուս նորմերի սկզբունքներին և հարգելով դրանք,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ հռչակված պետականությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, ունի իր պետական դրոշը, զինանշանը, օրհներգը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ինչպես նաև միջազգային իրավական այն փաստաթղթերը, որոնք կարգավորում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն իր իշխանությունն ու կամքը իրականացնում է համաժողովրդական հանրաքվերի կամ էլ ներկայացուցչական ընտրական մարմինների միջոցով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակիչները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության տակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երաշխավորում է իր բոլոր քաղաքացիների քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` անկախ նրանց ազգային, ռասայական պատկանելիությունից և դավանանքից:

Իր քաղաքացիների պաշտպանության և բնակչության անվտանգության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվում են իշխանության բարձրագույն մարմինների ենթակա զինված ուժեր, հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության մարմիններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները զինվորական ծառայություն են կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ուրիշ պետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող այլ պետությունների զինված ուժերի թվաքանակի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների զինվորական ծառայության անցկացումը իրականացվում է ըստ միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրականացնում է արտաքին անկախ քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

Հողը, ընդերքը, ջրային և օդային տարածությունները բնական, նյութական և հոգևոր հարստությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի սեփականությունը: Դրանք օգտագործելու և տիրանալու կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը հիմնվում է սեփականության բոլոր, իրավահավասար ձևերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիների տնտեսական կյանքի լիարժեք և ազատ մասնակցելու հավասար հնարավորություններ տրվելու սկզբունքների վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է մարդու իրավունքի գերակայությունը, երաշխավորում է խոսքի, խղճի, քաղաքական ու հասարակական գործունեության և միջազգային ընկերակցության կողմից ճանաչված բոլոր քաղաքացիական իրավունքների ապահովումը: Ազգային փաքրամասնությունները գտնվում են պետության պաշտպանության տակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառուցվածքը կոչված է ստեղծել ազգային փաքրամասնությունները հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորություն: Ազգային, ռասայական և կրոնական բնույթի ամեն տեսակի խտրականություն հետապնդվում է օրենքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է ազգային փաքրամասնության լեզուն առանց որևէ սահմանափակման, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում օգտագործելու իրավունքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության հիմք են ծառայում Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն հայտարարելու Հռչակագիրը և Մարդու իրավունքների հռչակագիրը:


6 հունվար, 1992 թվականի
քաղաք Ստեփանակերտ

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign