ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 14/08/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ ԼՂՀ / Պետական իշխանություն
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Պետական իշխանություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաեւ իշխանության հանրապետական եւ տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա:

pres_bld.jpgՊետության գլուխն է հանդիսանում Հանրապետության Նախագահը, ով ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը:

Նախագահը ներկայացնում է Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:

Նա հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Նախագահը կազմավորում է Անվտանգության խորհուրդը եւ նախագահում այն:

Պետության ղեկավարը լուծում է ԼՂՀ քաղաքացիություն եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը:

Նա պարգեւատրում է ԼՂՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:

Նախագահը լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

 

 

ԼՂՀ օրենսդիր իշխանության գերագույն մարմինը հանդիսանում է Ազգային ժողովը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

ns_bld.jpgԱզգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից: 11 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական կարգով, 22` համամասնական ընտրակարգով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները եւ մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձեւավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:
Ներկա խորհրդարանում գործում է 7 մշտական հանձնաժողով.

  1. արտաքին հարաբերությունների,
  2. արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
  3. ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի,
  4. պետական-իրավական հարցերի,
  5. սոցիալական և առողջապահության հարցերի,
  6. պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի,
  7. գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության եւ սպորտի հարցերի

   5 խմբակցություն.

  1. "Հայրենիք",
  2. "Դաշնակցություն",
  3. "Ժողովրդավարություն",
  4. "Շարժում-88",
  5. "Վերածնունդ":

 

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին: Նստաշրջանները անց են կացվում նիստերի գումարմամբ` առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդարանի հերթական նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում չորեքշաբթի օրը եւ դռնբաց են:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամա¬վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախա-ձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

 Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, որոշումներ, դիմումներ եւ հայտարարություններ:
ԼՂՀ խորհրդարանը Նախագահի առաջարկությամբ`
• հայտարարում է համաներում,
• վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը,
• որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին:

 

 

Արցախի Հանրապետության Կառավարությունը հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:

Կառավարությունը կազմված է պետական նախարարից եւ նախարարներից:

Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է հանրապետության Նախագահը: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարության նիստերը վարում է պետական նախարարը:

Կառավարության որոշումները հաստատում է հանրապետության Նախագահը: Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Արցախի Հանրապետության ներկա Կառավարությունն ունի հետեւյալ կառուցվածքը.

• պետական նախարար
• առողջապահության նախարարություն
• արդարադատության նախարարություն
• արտաքին գործերի նախարարություն
• աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
• բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
• գյուղատնտեսության նախարարություն
• էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
• կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
• մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
• պաշտպանության նախարարություն
• քաղաքաշինության նախարարություն
• ֆինանսների նախարարություն:

Գործում են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.

• ազգային անվտանգության ծառայություն
• ոստիկանություն
• արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

  

Դատական իշխանությունը հանրապետությունում իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Արտակարգ դատարանների ստեղծումը հանրապետությունում արգելվում է:

Դատարանները Լեռնային Ղարաբաղում անկախ են: ԼՂՀ դատավորներն անփոփոխելի են եւ պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում:

ԼՂՀ-ում դատական համակարգը կազմում են.

• Գերագույն դատարան,
• վերաքննիչ դատարան,
• ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գերագույն դատարանը հանդիսանում է ԼՂՀ գերագույն դատական մարմինը: Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն եւ իր իրավասության սահմաններում վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը: Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառումը:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանումը

NKR Map Վարչական տեսակետից ԼՂՀ-ն ընդգրկում է յոթ շրջաններ եւ հանրապետության մայրաքաղաքը: ԼՂՀ-ում կա 10 քաղաք եւ 322 գյուղական բնակավայր:
ԼՂՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմում է 146,6 % մարդ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը` 67.217 մարդ է կամ 47.5 %: Հանրապետությունում տղամարդկանց թիվը կազմել է 70,7 մարդ, կանանցը` 75,9:

 

 

 

Հանրապետության շրջանները Բնակչության քանակը

ԼՂՀ մայրաքաղաքից

մինչեւ շրջկենտրոն հեռավորությունը

/կմ/

ԼՂՀ 146,6         -         
ք.Ստեփանակերտ 54,1 -
Ասկերան 17,9  18
Հադրութ 13,1  110
Մարտակերտ 20,2  58
Մարտունի 24,1  58
Շահումյան 3,0  143
Շուշի 5,5  11
Քաշաթաղ 8,7  50

 

 

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign