ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 18/06/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Աշխատակազմ / Աշխատակազմի կառուցվածք
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կառուցվածքը

Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ

 



Նախագահի աշխատակազմի ղեկավարը

Իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը եւ կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը:

Համակարգում է Նախագահի խորհրդականների, առաջին օգնականի, օգնականների, ռեֆերենտների, Նախագահի վերահսկողական ծառայության գործունեությունը:

Ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխատակազմի անունից, ներկայացնում նրանց շահերը:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր:

Կազմակերպում եւ վերահսկում է Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների եւ հանձնարարականների կատարումը: Թերություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանք վերացնելու եւ ծագած խոչընդոտները հաղթահարելու համար:

Իր լիազորությունների սահմաններում հրավիրում եւ անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ:
Մասնակցում է կառավարության նիստերին, այդ թվում` դռնփակ:

Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների ընդհանուր թիվը, այդ թվում` դրանց փոփոխությունները: Համաձայնեցնելով Նախագահի հետ` հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը:

Աշխատակազմում պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ:

Անվտանգության խորհրդի քարտուղարը

Ապահովում է Անվտանգության խորհրդի գործունեությունը:

Նախագահին իրազեկում է երկրի ներքին եւ արտաքին անվտանգության հիմնահարցերի մասին:

Մշակում է Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրերը, ձեւավորում նիստերի օրակարգը, կազմակերպում նիստերի նախապատրաստման աշխատանքները:

Անվտանգության խորհրդի գործունեության իրականացման համար գործադիր իշխանության մարմիններից, հիմնարկներից եւ կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր եւ նյութեր է պահանջում:

Վերահսկողություն է սահմանում Անվտանգության խորհրդի որոշումների կատարման նկատմամբ:

Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է ուժային եւ իրավապահ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ստուգումն այն հարցերով, որոնք առնչվում են պետության անվտանգության քաղաքական եւ տնտեսական հիմքերի ապահովման հետ:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Իրականացնում է աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը եւ համակարգումը:

Կատարում է Նախագահի եւ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին գործառույթները:

Փոխարինում է սշխատակազմի ղեկավարին նրա բացակայության դեպքում:

Նախագահի խորհրդականները

Պարբերաբար Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր` իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երեւույթների եւ իրադարձությունների զարգացման միտումների մասին եւ առաջարկություններ` առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ:

Կարող են ղեկավարել Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին:

Կազմակերպում են իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ` շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ:

Կատարում են Նախագահի առանձին հանձնարարականներ:

Նախագահի առաջին օգնականը

Կազմակերպում է Նախագահի ընթացիկ եւ հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը եւ դրանք ներկայացնում երկրի ղեկավարի հաստատմանը:

Կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների նախապատրաստումը` համագործակցելով համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար եւ այլ անձանց հետ:

Կատարում է Նախագահի եւ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

Նախագահի օգնականները

Կազմակերպական, վերլուծական-տեղեկատվական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ԼՂՀ Նախագահին:
Մասնակցում են ԼՂՀ Նախագահի այցերի, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների եւ ուղեւորությունների նախապատրաստմանը:

Իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ:

Կատարում են Նախագահի եւ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:

Նախագահի մամուլի քարտուղարը

Ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին:

Անցկացնում է ասուլիսներ եւ ճեպազրույցներ:

Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով:

Նախագահի ռեֆերենտները

Նախապատրաստում են Նախագահի ելույթները եւ նամակները, ինչպես նաեւ նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր:

Նախագահի վերահսկողական ծառայությունը

Ուսումնասիրում եւ ստուգում է գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ Նախագահին ու կառավարություն առաջարկություններ է ներկայացնում այդ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վերահսկում է գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների ու կառավարության որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումների, գանգատների քննարկման եւ ընթացքավորման վիճակը: Բացահայտված թերությունների վերացման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Նախագահին:

Տեղեկատվության գլխավոր վարչությունը

Լուսաբանում է Նախագահի եւ աշխատակազմի գործունեությունը:

Ապահովում է Նախագահի եւ աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ:

Կազմակերպում է Նախագահի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ինչպես նաեւ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումները:

Նախապատրաստում է Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները եւ նամակները:

Նախագահին եւ աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տեղեկատվության բնագավառում քաղաքականության իրականացման վերաբերյալ:

Ինտերնետում կազմակերպում եւ պահպանում է Նախագահի կայքէջը:

Պետաիրավական վարչությունը

Իրականացնում է Նախագահի եւ աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը:

Առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ օրենսդրության եւ կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ:

Ապահովում է Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու, բարձրագույն զինվորական կոչումներ եւ բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաեւ դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը:

Քննության է առնում եւ ընթացք տալիս Նախագահին եւ աշխատակազմին ուղղված նամակներին, բողոքներին:

Անհրաժեշտության դեպքում հետեւում է ներկայացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Տնտեսագիտական վարչությունը

Իրականացնում է Նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքօգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող իրավական ակտերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննությունը:

Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները եւ դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ:

Առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ օրենսդրության եւ կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ:
Քննության է առնում եւ ընթացք տալիս Նախագահին եւ աշխատակազմին ուղղված նամակներին, բողոքներին:

Անհրաժեշտության դեպքում հետեւում բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Քարտուղարությունը

Իրականացնում է աշխատակազմի ղեկավարին ներկայացվող թղթակցությունների նախնական ուսումնասիրությունը եւ առաջարկություններ ներկայացնում դրա հետագա ընթացքի վերաբերյալ:

Վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների եւ դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ:

Սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովում է Նախագահի ստորագրմանը եւ հաստատմանը ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաեւ դրանց հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը:

Ապահովում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների եւ այլ փաստաթղթերի խմբագրումը:
ԼՂՀ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետեւ Նախագահին ներկայացնելու համար:

Կազմակերպում եւ ապահովում է աշխատակազմի առաջատար եւ կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները, ինչպես նաեւ աշխատակազմի առաջատար եւ կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները:

Իրականացնում է քարտուղարությունում ստացված գրավոր եւ բանավոր դիմումների հաշվառում, մուտքագրում եւ ուսումնասիրություն, ընթացք տալիս դրանց:

Կազմակերպում եւ վարում է արխիվային գործը:

Ֆինանսատնտեսական բաժինը

Ապահովում է ֆինանսադրամարկղային եւ բյուջետային կարգապահությունը:

Նախապատրաստում է աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը:

Արարողակարգի բաժինը

Ապահովում է ԼՂՀ պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը:

Ապահովում է Նախագահի մասնակցությամբ այցերի, միջոցառումների արարողակարգը:

Իրականացնում է Նախագահի, նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային եւ տեղական բնույթի միջոցառումների արարողակարգային ապահովումը:

ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժինը

Ապահովում է Անվտանգության խորհրդի նիստերի եւ դրանց ներկայացվող նյութերի նախապատրաստումը:

Նախապատրաստում է Անվտանգության խորհրդի որոշումների նախագծերը, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցերին առնչվող ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների նախագծերը:

Վարում է Անվտանգության խորհրդի գործավարությունը:

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign