ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 17/09/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Նախագահ / Սահմանադրության III գլուխ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Սահմանադրության III գլուխ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ


Հոդված 61.

1. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
3. Հանրապետության Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Հոդված 62.

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
2. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 63.

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
2. Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
4. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է Հանրապետության Նախագահ, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
5. Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության« ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալոց հետո` տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից:
6. Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:
7. Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը:
8. Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը:

Հոդված 64.

1. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը:
2. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում եռօրյա ժամկետում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 65.

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը:

Հոդված 66.

Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո ընտրված Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: Այդ դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` իննսուներորդ օրը, և նորընտիր Նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` քսաներորդ օրը, իսկ եթե ընտրության արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանը գործ է ընդունում քննության, ապա` դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո` քսաներորդ օրը:

Հոդված 67.

Հանրապետության Նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Հոդված 68.

Հանրապետության Նախագահը`
1. ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն: Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման: Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն.
3. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն.
4. Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին:
Խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և խմբակցությունների ղեկավարների հետ` ազատում է վարչապետին: Վարչապետի ազատման կամ հրաժարականի, Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ընդունում է Կառավարության հրաժարականը.
5. Ազգային ժողովին է առաջարկում Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատա-վորներին, դադարեցնում է դատավորների լիազորությունները, համաձայնություն է տալիս դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար.
6. Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
7. Ազգային ժողովին է առաջարկում վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը.
8. նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամներ.
9. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
10. կազմավորում է անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
11. ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
12. նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
13. զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
14. Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15. աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ դրություն:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
16. օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
17. պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
18. լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

Հոդված 69.

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ:

Հոդված 70.

Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 71.

1. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
2. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:
3. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 72.

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին: Տասնօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 73.

1. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը` Կառավարության առաջարկով և Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության և այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:
2. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

Հոդված 74.

Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, արձակել Ազգային ժողովը, նշանակել կամ ազատել վարչապետին, գլխավոր դատախազին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաև իրականացնել Սահմանադրության 68-րդ հոդվածի 12, 17, 18-րդ կետերով սահմանված լիազորությունները:

Հոդված 75.

1. Հանրապետության Նախագահը ձևավորում է իր աշխատակազմը:
2. Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

 

 

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign