<<Մեսրոպ Մաշտոց>> արշավախմբի ղեկավար
պրն Զորի Բալայանին
<<Արմենիա>> առագաստանավի նավապետ
պրն Սամվել Կարապետյանին
Առագաստանավի անձնակազմին
Շուրջերկրյա ճամփորդության հարգելի մասնակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ արշավի առաջին փուլի հաջող ավարտի կապակցությամբ: Այն մեծ խանդավառություն է առաջացրել Արցախում` դառնալով ամենօրյա քննարկման թեմա:
Ձեր կողմից իրականացվող նախաձեռնությունը առանձնահատուկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար եւ հանդիսանում է հայի հավատքի, խիզախության, կամքի եւ միասնականության լավագույն դրսեւորումներից մեկը: Արշավի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն արշավախմբի անդամների բարձր արհեստավարժությամբ, այլ նաեւ նրանով, որ նավի վրա դուք աչքի լույսի պես պահում եք մեր ժողովրդի սրբությունները` հայկական խաչը, մեսրոպյան այբուբենը, երկու անկախ հայկական պետությունների դրոշները եւ քաջ հայորդիների արյունով ներծծված հողը:
Չափազանց կարեւոր եմ համարում ձեր այցելությունը հայոց Սփյուռքի կենտրոններ եւ գաղթօջախներ: Ցանկացած նման միջոցառում անգնահատելի եռանդ է հաղորդում հայկական ինքնագիտակցության եւ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, բարի նավարկություն եւ հաջող վերադարձ հայրենիք:
Անհամբեր սպասում ենք ձեզ Արցախյան հողում:
Բակո ՍԱՀԱԿՅԱՆ
2009-12-14