ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 16/07/2018
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Բակո Սահակի Սահակյան
Home
/ Ելույթներ / Ելույթներ
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 

Ելույթներ


Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ

Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Թանկագի՛ն վետերաններ,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հարգելի՛ ներկաներ,

Մայիսի 9-ի Եռատոնը մեր ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը հաղթանակի, անձնվիրության, միասնականության, խիզախության, մեր պատմության հերոսական էջերը հիշելու եւ արժեւորելու լավագույն խորհրդանիշներից է, ինչն առանձնահատուկ կարեւորություն ունի Արցախի եւ համայն հայության համար, հատկապես` այս օրերին:
Ադրբեջանը, ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը մեր ժողովրդի եւ պետության դեմ:
Եվ միայն մեր Պաշտպանության բանակի հզորության եւ ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի եւ անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը, կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, պարտադրված եղավ խնդրել հրադադար:
Այսօր մենք բոլորս լի ենք հպարտության զգացումով մեր երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին: Նրանք արժանիորեն շարունակում են իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում:
Հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: Նրանց եւ նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների եւ կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:
Ցավոք, այդ օրերին ունեցանք անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ: Ունեցանք զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց անմահ անունները միշտ վառ կմնան մեր սրտերում:

Ես կուզենայի մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը:

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որեւէ փորձ եւ արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը նորից ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու եւ աջակցելու, նրանց կողքին լինելու անգնահատելի պատրաստակամություն: Արցախի շուրջ համախմբվեցին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին:
Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաեւ տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը:
Հատուկ կուզենայի կանգ առնել այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին, պահի ողջ լրջության խոր գիտակցումով եւ բարձր պատասխանատվությամբ իրականացրին մեր պետական կառավարման օղակները: Գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային եւ բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ եւ արել են հնարավորը ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը:
Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել եւ ինչ բացթողումներ են եղել: Անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ: Այստեղ եւս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Համոզված եմ, որ այս անգամ եւս մենք պատվով կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ եւ ամուր: Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի:
Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ նրանց, ովքեր արժանացել են պետական բարձր պարգեւների:
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ:
Շնորհակալություն:
ք.Ստեփանակերտ, 8 մայիսի 2016թ.

 

2016-05-08



2018-02-13Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ
2017-10-16Նախագահ Սահակյանի ելույթը ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ
2016-05-08Ելույթ Եռատոնի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ
2012-12-26Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
2012-12-25Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ո ւ յ թ ը 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստում
2012-11-17Ցավակցական հեռագիր Արցախյան շարժման վետերան Վիգեն Հայրապետյանի ընտանիքին
2012-11-09Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա-երեկոյի ժամանակ
2012-09-16Ուղերձ <<Մարդը եւ տիեզերքը>> գիտաժողովի մասնակիցներին
2012-09-07Նախագահ Սահակյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ
2012-05-09Շշնորհավորական խոսք Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ
2012-04-16Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմա ժամանակ
2011-12-28Նախագահ Սահակյանի ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը
2011-12-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
2011-12-14Նախագահ Սահակյանի ելույթը <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովում
2011-11-20Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2011>>-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ
2011-11-04Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ
2011-09-02Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
2010-11-21Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ
2010-11-19Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Օրենջ Քաունթիի Միջազգային հարաբերությունների խորհրդում
2010-09-02<<Կարոտ>> միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմուն

photo
 
 
photo
 
 
© 2007—2018 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign